ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Պարզապես պատերազմ էր

Պարզապես պատերազմ էր
22.09.2025 | 19:22

Սկիզբը՝ այստեղ

(պարզապես կարդացեք իմ Երկրի պատմությունը. 5-րդ մաս)

Հիշողությունները սոսկ անցյալի մասին հուշեր չեն, որ հեռանալով իրականությունից, մարելով մնան անցյալում։

Հուշերը մեր անթեղված ցավերն են, որ եղանակի փոփոխությունից ելնելով՝ իրենց զգացնել են տալիս, ինչպես խրոնիկ հոդացավերը։

Նրանք հիշեցնում են ոչ թե եղանակի փոփոխության մասին, այլ որ մոտենում է սեպտեմբերի 19, 27, իսկ նախորդող օրերին Ջերմուկի զոհերին հիշեցրին։

Մինչ վառվում էր Հռոմը, Ներոնը նրա ավերակների վրա լիրա էր նվագում։

Եվ զվարճանում էր ամբոխը՝ տրված անասնական կրքերին։

...Նորից պատերազմ, նորից սիրենայի ահազարհուր ձայն, նորից գարշահոտ նկուղներու պատերազմին անպատրաստ իշխանություններ ու ժողովուրդ։

ՈՒ նորից բռնագաղթ, այս անգամ ոչ ետդարձի ակնկալիքով։

Իսկ ամենազավեշտալին, որ 16 թվականից հետո, երբ թշնամին ամրապնդել էր դիրքերը, մենք ամեն ժամ, ամեն պահ սպասում էինք պատերազմի։

Քաղպաշտպանությունից, տարբեր կառույցներից գալիս, դասեր էին անցկացնում դպրոցներում, որ պատերազմի ժամանակ ինչպես պետք է տարհանվենք, Խնածախ գյուղի գյունե և ղուզե թաղամասերի ժողովուրդը որտեղ պիտի պատսպարվի և այլն և այլն, մի երկու վիդեոներ էլ ցույց էին տալիս՝ ամրապնդելու մեր հիշողությունը։

Իսկ ամենակարևորը՝ պատսպարվելու տեղերը դպրոցից շատ հեռու գերեզմանների կողմերն էին, որ մինչև հասնեինք, թշնամին մեզանից ավելի շուտ հասած կլինի, քանի որ գտնվում ենք ուղիղ նրա քթի տակ։

Ամեն ինչ ձևական և շինծու։

Եվ ի՜նչ...

20 թ պատերազմի ժամանակ և ոչ մեկը իր երեխայի հետ չգնաց այդ «ապաստարանը», բոլորը ուղիղ Հայաստան գնացին, քանի որ այդ ժամանակ կար Քաշաթաղի

ճանապարհը...

Լավ, դա համարենք «մեղմացուցիչ դեպք հանցանաց», որովհետև ելք կար, և չգործեց «ապաստարան» գործոնը։

Իսկ 23 թվի պատերազմի ժամանակ թիրախավորվել էին Խնածախի «Միջնավեղ» տեղանքում տեղակայված հրետանին և քիչ բարձր «Պանոր նան» սրբավայրում քողարկված ՀՕՊ համակարգերը։

Նորից «աֆսայդ» ընկավ «ապաստարանի» գործոնը, որովհետև ժողովուրդը հոսեց դեպի միակ ապահով տեղը՝ օդանավակայան, որտեղ ռուսական կայազորն էր՝ ռուսական դրոշներով։

Անպատրաստ պետություն, անպատրաստ ժողովուրդ, ձևական պարազիտար կառույցներ, անպատրաստ բանակ՝ առանց վառելիքի ու պարենի։

Պատերազմի հանկարծակիությունն է որոշում պատերազմի ելքը։ Իսկ թշնամին դրան նախապատրաստվել էր 35 տարի՝ բորենու նման սեղմած ատամները՝ մինչև գտնի զոհի թույլ տեղը, հարմար տեղն ու ժամանակը։

Եվ գտավ... լրտեսությունն ու դավաճանությունը նոր թափ ստացան, հասան մինչև պետական մակարդակի։

Մի էժանագին օծանելիքի համար բանակի շտաբում աշխատող աղջիկը տվեց սաղ շտաբի հույժ կարևոր փաստաթղթերը։ Դրա համար էլ սնվրեպ էին գործում թշնամու անօդաչուները՝ թիրախավորելով ռազմավարական օբյեկտները։

Բանակը դարձել էր պարապ վախտի խաղալիք, որոշ մարդկանց բիզնեսների ստնտու մայր։

Առողջ, ջլապինդ տղաներն ազատվում էին ծառայությունից, որովհետե թիկունքում ազնավուր հայրեր ունեին, իսկ խնդիրներով տղաներին՝ զորակոչում։

Մենք մի աշակերտ ունեինք, ներամփոփ, լռակյաց, ընկալման խնդիրներ ուներ ։Այդ մասին տեղյակ էինք պահել զինծառայության համար լրացվող փաստաթղթում։ Ստուգող հանձնաժողովին հայրն ասաց տղայի

խնդիրների մասին, մյուս երկու տղաները պատվով ծառայել էին։

Բայց ո՜վ էր լսողը՝ թիկնեղ տղա, կարմիր թշեր, և զինվորը պատրաստ էր։

Բանակում հերթական զինուսուցման ժամանակ խորանում են տղայի խնդիրները, և նա անգիտակից սկսում է փախչել դեպի թշնամու դիրքեր։ Բարեբախտաբար թշնամու կողմից արձակած կրակահերթերը վրիպում են, և արդեն խորացված մտագարությամբ տղային ազատում են ծառայությունից։

Էդ պահեստների ուռճացած զենքերի փոխարեն, որ մինչ օրս թ.... րը նորանոր պահեստներ են հայտնաբերում, կարելի չէ՞ր մի քանի անօդաչուներ առած, երբ գիտեինք, որ առաջվա կռիվները չեն, զինվորի կռիվ չէ, ճարպկության ու անվախության կռիվ չէ, այլ նորագույն զենքերի։

Իսկ պատերազմի նախօրեին անգամ եռում էր շինարարությունը։

Տներ են սարքում բռնագաղթվածների համար։ Մի քանի օրում, քանի որ Հայաստանից այլևս շինանյութ չէր գալիս, հավաքեցին, սրբեցին շինխանութների պահեստները, թե բա պիտի հասցնեն մեր հայրենակիցները բնակարանամուտ տոնել։

Պարզվեց, որ խոսքը մե՜ր հայրենակիցների մասին չէ...

Երեք տարի անընդհատ Խնածախին հարակից բլուրներն էին արդուկ-մարդուկի պես հարթեցնում՝ տասնյակ գրեյդերներով, բուլդոզերներով, տրակտորներով, մազ, կամազ մեքենաներով, և այդ աղմուկի տակ ամեն օր գնում էինք աշխատանքի ու գալիս, իսկ տներ չկան ու չկան։ Վերջում Տրագետի գետաբերանին, մին բիյանա դյուզում երկու անտառապահի տնակ սարքեցին՝ անջուր, անլույս, անգազ...

Իսկ այդ տնակներիի համսր որքա՜ն միլիոններ են լվացել՝ էկոլոգիական չարիք պատճառելով բնությանը։ Հիմա էլ է սիրտս ցավում այդ գեղեցիկ բնությունն աղճատելու համար, թեկուզ գտնվում է թշնամու ձեռքին։

Երկու տարի է՝ չունեմ իմ Հայրենիքը, բայց կրկնակի տառապանքով է սիրտս ցավում նրա համար, ինչքա՜ն հեշտ զիջեցինք, ինչպե՜ս կարելի էր հանդուրժել այդ հայրենուրաց,

փողը հարազատների գերեզմաններից բարձր դասող դավաճաններին։

Իսկ ինչպե՜ս էին պաշտպանում նրանց «վկաները»՝ « ի՜նչ անեն, ստիպել են...»։

Ստիպել են, հրաժարական տային, ոչ թե մինչև վերջին պահը իրենց կովերի լոլակները աստղաբաշխական թվերով ժողովրդի վրա ծախեին, կամ պետության կողմից սուբսիդավորեին․ 1 կգ տավարի միսը՝ 8 000 դրամ։

Եվ երբ մարդիկ պահանջում էին իրենց աշխատավարձերը՝ հիմնավորվելով բյուջեում մնացած, մինչև տարեվերջ նախատեսած 3,5 մլրդ մնացորդ գումարը, վերջին նախագահն ասաց ( ես իմ ականջներով եմ լսել), որ 1, 8 մլրդը հատկացվել է մսի սուբսիդավորմանը։

Էտ հալա իմ իմացած մի բնագավառի մասին եմ խոսում, բա մնացած բնագավառներում ինչե՜ր կտիրեր՝ սուբսիդավորված ձվի, կաթի հոտած փոշիների, ժամկետանց մթերքների...

Թահիր չկար, ժողովուրդը պիտի գոյատևեր, էլ չեմ խոսում շինարարական «խժդժությունների», բանկային ապօրինի ցեսիաների, որտեղ զրոյացվեցին միլիարդների հասցվող վարկերը։

Բա հարմար պահ է եկել, ստակած էշին նալերը պիտի քանդին...

Եվ այդ ամենը ու՜մ հաշվին՝ ժողովրդի։

Հիմա ասացե՛ք, նման պայմաններում կկարա՞ր գոյատևեր Հայրենիքը։ Ձուկը գլխից էր հոտել։

Իսկ վերջում էլ իրենց հանցագործությունների «վկաները» վառեն աղբարկղներում՝ մաքրամաքուր քաղաքս լցնելով իրենց վառված կեղտոտ արժանապատվության ծուխ ու մուրով...

Արցախը դատապարտված էր կործանման հենց իր անառակ որդիների ձեռքով, տեղական արտադրության դավաճանների միջոցով։

Մեր իրականության մեջ ամենածանր անեծքը՝ «Տեղտ վեչ քթենաս»-ն է։

Չէի հասկանում իմաստը։

Հիմա երկրից երկիր ենք թափառում՝ մեր տեղը չգտնելով՝ կտրված մեր Հայրենիքից, մեր լեզվից։

Դավաճանությունը դարձել է մեր ժողովրդի առաջին պարբերական հիվսնդությունը։

Աչքիդ առաջ ժամերի ընթացքում հալվում են մեր արժեքները, ինչի համար պայքարել ենք դարերով. թշնամին չի կարողացել անել, բայց մենք մեր ձեռքով արեցինք։

Մեր գենոֆոնդը շատ ուժեղ մուտացիա է ապրում։ Ինքնահոշոտումը, քաղաքական կանիբալիզմը դարձել են կենսակերպ։ Ցավոք, մենք պիտի դառնանք Ավետյաց երկրի վերջի՛ն մոհիկանները։

Տեսնելով այսքան ապականությունը, Աստված էլ է երես թեքել մեզանից, Նա էլ բավական տառապել է հուդաներից։

Տե՛ր Աստված, քո ստեղծած Ավետյաց երկիրն ենք, Նոյի տապանը վստահել ես

Արարատին, նորից ձեռքդ առ խորտակվող նավիս ղեկավարությունը և անարգել ափ հասցրու։

Ծնկաչոք խնդրում և աղոթում եմ, լեթարգիական քնից արթնացրո՛ւ

ժողովրդիս, ուղղորդի՛ր նրան դեպի քո լույսը։

ԱՄԵՆ։

(շարունակելի)

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

18.08.2025

Դիտվել է՝ 161

Մեկնաբանություններ